Հայաստանի Հանրապետության դրոշը
ՀՀ Զինանշանը
Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի`Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ.հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային Ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
ՀՀ պետական օրհներգը
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար Իր որդիքը արդ կանչում է Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի, Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի։
Նայիր նրան` երեք գույնով,
Նվիրական մեկ նշան Թող փողփողի թշնամու դեմ Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի: Խոսք`Միքայել Նալբանդյան Երաշտություն`Բարսեղ Կանաչյան Հայկական լեռնաշխարհ
Աշխարհագրական այն տարածքը, որի հետ կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Վերջինս բնության ստեղծագործություն է, սակայն, եթե բացառենք չնչին տարբերությունները, այն զարմանալիորեն համընկնում է մեր պատմական հայրենիքի հետ, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր պետություններն է հիմնել հայ ժողովուրդը։ Հայերն իրենց հայրենիքը կոչում են Հայք կամ Հայաստան, իսկ հարևան ժողովուրդները՝ Արմենիա, և միայն վրացիներն են, որ մեր երկիրը անվանում են Սոմխեթի։
Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը։ Նրա նշանակալից մասն զբաղեցնում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհը, որ եղել է մեր հայրենիքի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Հայկական լեռնաշխարհը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր, որտեղ էլ կենտրոնացած է եղել երկրի բնակչության մեծ մասը։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և դրա շնորհիվ իշխող դիրք ունի նրանց նկատմամբ։ Դրա հետևանքով որոշ աշխարհագրագետներ փոխաբերական իմաստով այն կոչել են Լեռնային կղզի։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները ստացել են Միջնաշխարհ անունը։ Սկիզբ առնելով Մասիս (Մեծ Արարատ) լեռնագագաթից (5165 մ) և ձգվելով արևելքից արևմուտք, Հայկական Պար լեռնաշղթան գրեթե երկու հավասար՝ հյուսիսային և հարավային մասերի է բաժանում Հայկական լեռնաշխարհը։ Մասիսը համարվել է սրբազան լեռ, և նրա շուրջը բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել։ Աշխարհում, անշուշտ, կան Մասիսից ավելի բարձր լեռնագագաթներ, սակայն և ոչ մի լեռնագագաթ իր շրջակայքի համեմատ այնպես վեր չի խոյանում, ինչպես Մասիսը։ Նրա հարևանությամբ բարձրանում է Սիս կամ Փոքր Մասիս (Փոքր Արարատ) լեռան գեղեցիկ, կոնաձև գագաթը։ Հայկական Պար լեռնաշղթան հարավից և Արագած քառագագաթ լեռնազանգվածը հյուսիսից եզերում են Այրարատյան դաշտը, որի անունը ժողովրդական ավանդությունը կապում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի անվան հետ։ Ներկայումս այն կոչվում է Արարատյան դաշտ, որի կենտրոնով հոսում է Երասխ (ներկայումս՝ Արաքս) գետը։ Արարատյան դաշտը, որը մեր հայրենիքի առավել ընդարձակ և արգասաբեր հարթավայրերից մեկն է, գրեթե մշտապես եղել է երկրի քաղաքական սիրտը։ Այստեղ են գտնվել Հայաստանի նշանավոր մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանը։ |