Պատերազմներ


Ավարայրի ճակատամարտ



:
Մինչ մարտը

Թափ առնող Վարդանանց պատերազմի պայմաններում 451 թվականի մայիսին, ցանկանալով վերջնականապես արյան մեջ խեղդել հայերին,Հազկերտ 2-ը հայերի դեմ շարժեց իր թագավորության ռազմական ուժերի հիմնական մասի կենտրոնացման արդյունքում հավաքած մի խոշոր բանակ: Մուշկան Նիսալվուրտի և վերջինիս օգնական Դողվճի գլխավորությամբ ուժերի կենտրոնացումը ավարտած Պարսից թագավորության բանակը (մոտ 214.000, այդ թվում ապարացիներ, կատիշներ, հեփթաղներ, գիլաններ, լփիններ, բաղասականներ, ճղբեր, վատեր, գավեր, գղվարներ, խրսաններ, հեճմատականներ, փասխեր, փոխեր, փյուքվաններ, թավասպարներ, իժմախներ, գուգարներ, շչբեր, եգերսվաններ, Մատյան գունդը, ինչպես նաև 15 փիղ) Վասակ Սյունու ու դավաճան այլ նախարարների և նրանց գնդերի (ընդհանուր` 6.000 հեծյալ) ուղեկցությամբ շարունակեց առաջխաղացումը դեպի հյուսիս: Անցնելով Ճվաշ-Արտազ երթուղով` մայիսի 23-ին թշնամու բանակը ճամբարեց Տղմուտ գետի հարավային ափին: Այս ընթացքում սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ու կաթողիկոս Հովսեփ I Վայոց ձորցու հոգևոր առաջնորդությամբ Արտաշատում կենտրոնացած Հայկական բանակը (100.000 , որից 66.000 նախարարական գնդի ռազմիկ, 34.000 աշխարհազորային) իր հերթին շարժվեց թշնամուն ընդառաջ և, հասնելով վերջինիս մայիսի 25-ին, բանակեց Տղմուտ գետի հյուսիսային ափին: Անմիջապես էլ հրավիրված խորհրդակցությունում ձևակերպվեց Հայկական բանակի մարտական խնդիրը. հնարավորինս արյունաքամ անել թշնամուն առաջիկա մարտում, որից հետո մասնատել ուժերը և մանր ջոկատներով ծավալել հզոր պարտիզանական պայքար:


Մարտի ընթացքը

Մայիսի 26-ի վաղ առավոտյան կողմերը մարտակարգ ընդունեցին:
Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, երկրորդում՝ հեծելազորը: Ընդ որում երկրորդ շարքի աջում Պարսից թագավորության բանակի կազմում գտնվում էին վայրենի ցեղերի և դավաճանների գնդերը: Աջի և կենտրոնի հետևում գտնվող երրորդ շարքում տեղավորված էր փղերի գունդը, որը ուժեղացված էր 45.000 հետևակայինով, իսկ չորրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխված էր Մատյան գունդը:
Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորված էր թեթև հետևակը, երկրորդ շարքում` աշխարհազորը, երրորդում՝ հեծելազորը, չորրորդում` պահեստազորը, իսկ մարտակարգի ծայր աջում և ծայր ձախում, համապատասխանաբար Ներսեհ Քաջբերունու ու Փափագ Առավեղյանի գլխավորությամբ, տեղադրված էին առանձնացված հեծյալ ջոկատներ: Հայկական բանակի աջը գլխավորում էր Խորեն Խորխոռունին, որպես օգնական ունենալով Արսեն Ընծայեցուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցին, որպես օգնական ունենալով Տաճատ Գնթունուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունին, որպես օգնականներ ունենալով Վահան Արծրունուն, Արտակ Մոկացուն և Միհրշապուհ Մարդպետունուն, իսկ պահեստազորը՝ Արշավիր Կամսարականը, որպես օգնական ունենալով Համազասպ Մամիկոնյանին: Սպարապետ Վարդան Մամիկոնյանը իր վրա վերցրեց բանակի ընդհանուր ղեկավարումը:
I փուլ – Արեգակը ծագելուն պես հայոց սպարապետը և կաթողիկոսը ոգևորիչ խոսքով դիմեցին իրենց բանակին` հորդորելով հայ ռազմիկներին չերկնչել թշնամուց ու մինչև վերջ կատարել իրենց զինվորական պարտքը: Այնուհետև Հայկական բանակի նետաձիգները մոտեցան գետի հյուսիսային ափին և սկսեցին նետերի տարափ տեղալ թշնամու վրա: Սրան ի պատասխան Պարսից թագավորության բանակի նետաձիգները մոտեցան գետի հարավային ափին ու սկսեցին պատասխան նետաձգությունը: Աղեղնամարտը տևեց բավականին երկար:
II փուլ – 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր:
III փուլ – Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն: Ընդ որում միաժամանակ Հայկական բանակի կենտրոնը և թևերը ևս անցան գետը ու հզոր հարված հասցրին Պարսից թագավորության բանակին, դրանով իսկ առժամանակ կաշկանդելով վերջիններիս գործողությունները և որոշ ժամանակով ապահովելով սպարապետի ջոկատի գործողության ազատությունը:
IV փուլ – Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝ սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նաև "անմահ" կոչվածներին:
V փուլ – Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին:
VI փուլ – 15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները:
VII փուլ – 18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար:
VIII փուլ – 23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան:
Հայերը կորցրին մոտ 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը: Ընկան նաև 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից: Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնց թվում 3.544 ռազմիկներ դավաճաններից:
Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։

Մարտից հետո

Տակտիկական տեսանկյունից ճակատամարտը վերջացավ Հայկական բանակի օգտին, քանի որ թշնամին երեք անգամ շատ կորուստ կրեց: Ստրատեգիական տեսանկյունից ևս Հայկական բանակը շահեց այն, քանի որ դրա, ինչպես նաև հետագա պարտիզանական գործողությունների արդյունքում Պարսից թագավորության բանակը հեռացավ Մարզպանական Հայաստանից, կնքվեց հաշտություն և վերականգնվեց 428 թվականին Մարզպանական Հայաստանում տիրող վիճակը:


Հալիձորի ճակատամարտ

Հալիձորի ճակատամարտ, զինաբախում Սյունիքի հայ ազատագրական շարժման զինված ուժերի և օսմանյան բանակի ու նրան միացած մի քանի ֆեոդալների միացյալ զորքերի միջև: Տեղի է ունեցել 1727թվականի մարտին, Հալիձորի բերդի մոտ: Ռուս-թուրք. պայմանագրի կնքումից (1724) հետո Անդրկովկասում նվաճողական քաղաքականությունը վերսկսած Թուրքիան, զավթելով Հայաստանի մեծ մասը, 1725-ի գարնանը ստվար բանակով ներխուժել է Սյունիք: Թուրք հրոսակների և նրանց միացած Ղարաբաղի խանության, Բարգուշատի և կարաչոռլուների ֆեոդալների զորախմբերի դեմ երկամյա անհավասար պայքարից հետո Դավիթ Բեկի զորքն ամրացել է Հալիձորում: Պաշարման յոթերորդ օրը հայկ. զորաջոկատները Մխիթար Սպարապետի և Տեր Ավետիսի առաջնորդությամբ անսպասելի հարվածել են թշնամու համեմատաբար թույլ‘ աջ թևին: Օսմանցիների և նրանց դաշնակիցների բազմահազար բանակը, խուճապի մատնված, հետապնդողների հարվածների տակ նահանջել է Մեղրի՝ մարտադաշտում թողնելով հազարավոր սպանվածներ, մարտ. դրոշներ, զինամթերք, հանդերձանք: Հալիձորի ճակատամարտում ձեռք բերած հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանը:



Արածանիի ճակատամարտ

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ: մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում: Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը: Հայկական բանակը խույզ տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը: Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին: Հռոմեական զորքը պահվում էր հայակական հետևազերի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից: Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում: Հռոմեական լեգիոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել իրանց համար ձեռնտու վայրում: Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդուրյանբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը: Կողմերն անհապաղ մարտի բռնվեցին: Հայկական հետելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, բեկելով թշնամու մարտակարգը, ապա սկսեց հակագրոհը: Հայ թեթևազեն հեծյալները թունավոր ու ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին: Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապաստանեցին Մծբին քաղաքի պարիսպներին: Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Պոնտոսի թագավորության զգալի մասը: Հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլլոսը վարկազրկվեց՝ Արևելքի գործերը զիջելով Գնեոս Պոմպեոսին:



Երեզի ճակատամարտ

Երեզի ճակատամարտ: Շարունակվող Վահանանց պատերազմի պայմաններում Հայկական բանակի հետևակ նետաձիգները Ոքաղե գյուղի աշխարհազորի ուղեկցությամբ գիշերով հարձակվեցին գյուղը շրջապատած Պարսից թագավորության բանակի ու Սյունյաց գնդի մի մասի վրա և իրականացրեցին անխնա նետահարում: Դրա հետ միաժամանակ Հայկական բանակի հարվածային խմբերը ներխուժեցին թշնամու ճամբար և, հսկայական կոտորած անելով գիշերային խավարում, աննկատ հեռացան, այն դեպքում, երբ դրանից հետո հակառակորդի ռազմիկները իրենք շարունակեցին միմյանց կոտորել: Հայերը կորցրին մոտ 20 զինվոր, այդ թվում մահացու վիրավորվեց և մի քանի օր հետո մահացավ Գաբաղ Գաբեղյանը: Թշնամին կորցրեց մոտ 1.000 զինվոր:




Ձիրավի ճակատամարտ

Ձիրավի ճակատամարտ — 371թ. Ձիրավի դաշտում (Այրարատ նահանգի Բագրևանդ գավառ) տեղի ունեցած ճակատամարտ մի կողմից հայկական զորքի, որին օժանդակում էր հռոմեական մի զորամիավորում, մյուս կողմից` պարսկական բանակի միջև, որն ավարտվել է հայերի լիակատար հաղթանակով: Հայկական զորքը ղեկավարում էին Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյան զորավարը: Պարսկական զորքերը դուրս են շպրտվում երկրի սահմաններից և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա: Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է Արշակ Բ գերությունից հետո (368թ.) անիշխանության տարիներին Մեծ Հայքից անջատված սահմանային տարածքները` (Ուտիք,ԳուգարքԿորճայքԱղձնիք և այլն):


Տիգրանակերտի ճակատամարտ

Տիգրանակաերտի ճակատամարտ, տեղի է ունեցել հռոմեական և հայկական զորքերի միջե Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ, հոկտեմբերի 6-ին:Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով, Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ: Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69-ի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը՝ Լուկուլլոսի հրամանատարությամբ, Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը: Տիգրան Բ Մեծը սեպտեմբերի վերջին Տավրեսի իր ռազմակայանում ավարտել է զինվորական ուժերի համախմբումը և ընդառաջ ելել թշնամուն: Հայակական բանակի համար բարենպաստ չէին տեղանքի առաձնահատկւթյունները: Մարտը սկսվել է առաջ քաշված հայակական զրահարկի հեծելազորի վրա հռոմեական հեծյալ ուժերի գրոհով: Միաժամանակ Լուկուլլոսը 3 լեգեոնով խոր շրջանցումով դուրս է եկել Հայոց բանակի թիկունքը և անսպասելի հարվածել դեռևս մարտակարգ չընդունած հետևակին՝ նրան մատնելով փախուստի: Հայոց բանակը պարտություն է կրել, Տրգրանակերտը նվաճվել և կողոպտվել է, Տիգրան Բ Մեծի Միջերկրածովյան տիրությունը՝ Ասորիք, Փյունիկիա, Կիլիկիա, անցել են Հռոմին: Չնայած հաղթանակին, ճակատամարտը չի կանխորոշել պատերազմի ելքը. Արածանիի ճակատամարտ մ.թ.ա. 68-ում Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից:

Սևանի ճակատամարտ

Մինչ մարտը

Սաջյան II պատերազմում (909-929) հօգուտ իրեն բեկում մտցնելու նպատակով Բեշիրի գլխավորած Սաջյանների էմիրության բանակը (մոտ 5.000)Դվին-Հրազդան գետի հուն-Սևանա լիճ երթուղով մոտեցավ Սևանա լճի կղզուն: Ճամբարելով կղզու դիմաց` Բեշիրը Հայոց արքայից պահանջել հանձնվել: Աշոտ II Երկաթը հայտնեց իր կեղծ համաձայնությունը:


Մարտի ընթացքը

Բանակցությունների հաջորդ օրը լուսաբացին, Մաղխազական գնդի մի մասին (մոտ 180) նախապես գաղտնի անցկացնելով լճի ափ, իսկ մնացած մասին (70 նետաձիգներ) տեղավորելով նավակներում, Հայոց արքան մոտեցավ թշնամու բանակին, որի ռազմիկները գրեթե անզեն հավաքվել էին լճի ափին` կղզու դիմաց:
I փուլ – Ընդհուպ մոտենալով ափին` Հայ ռազմիկները սկսեցին անակնկալ և հուժկու նետաձգություն: Թշնամու ռազմիկները սկսեցին ծանր կորուստներ կրել, մատնվեցին խուճապի ու դիմեցին փախուստի:
II փուլ – Նավակների վրա գտնվող Հայ ռազմիկները ափ իջան և, միանալով ափին դարան մտած յուրայինների մյուս մասի հետ, միաժամանակ հաձակվեցին բարոյալքված թշնամու վրա ու գլխովին ջախջախեցին նրան:
Հայերը կորցրին մոտ 50, թշնամին` մոտ 2.000 զինվոր:


Մարտից հետո

Ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ շարունակվող պատերազմում Հայկական կողմի հաղթանակի համար` վերջնականապես ոչնչացնելով Անիի թագավորությունը ծնկի բերելու Սաջյանների էմիրության ծրագրերը:


Ծծմահովտի ճակատամարտ

Մինչ մարտը

Մարզպանական Հայաստանում բռնկված ապստամբություն ճնշելու նպատակով Պարսից թագավորությունը 620 թ-ի աշնանը հարձակում ձեռնարկեց ապստամբության կենտրոն հանդիսացող Տարոնի ուղղությամբ: Վախթանգի գլխավորած Պարսից թագավորության բանակը (30.000 ռազմիկ), կողմնապահ ջոկատներ թողնելով Ապահունիքում, հիմնական ուժերով մտավ Տարոն և, բանակելով Ձյունակերտում, սկսեց բանակցություններ` նպատակ ունենալով հնազանդեցնել Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը սկսած Վահան Գայլ Մամիկոնյանին:


Մարտի ընթացքը

Բանակցություններում չհասնելով հաջողության` Վախթանգը իր բանակից առանձնացրեց մի ջոկատ (6.000 ռազմիկ, որից 4.000 հեծյալ) և Ռահանի գլխավորությամբ ուղարկեց հայերի դեմ: Թշնամին բանակեց Ծծմահովտում: Այս ընթացքում Վահան Գայլ Մամիկոնյանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Սմբատ Մամիկոնյանի գլխավորած Մամիկոնյաց (1.800 ռազմիկ), Ողնուտյաց իշխանի գլխավորած Ողնուտյաց (500 ռազմիկ), Արջուի գլխավորած Արջուտյաց (400 ռազմիկ), Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած Պալունյաց (220 ռազմիկ) և Սմբատ Հաշտենցու գլխավորած Հաշտենից (60 ռազմիկ) գնդերը մոտեցան թշնամուն: Քանակապես զիջելով հակառակորդին` Վահանը որոշեց գիշերային անակնկալ հարված հասցնել ճամբարած թշնամուն:
I փուլ – Հայկական մի ջոկատ Սմբատ Մամիկոնյանի գլխավորությամբ աննկատ թափանցեց թշնամուն ճամբար և առևանգեց ձիերին:
II փուլ – Հարձակման անցավ Հայկական հիմնական բանակը և գլխովին ջախջախեց թշնամուն: Մարտադաշտում հանդիպելով Ռահանին` Հաշտենից իշխանը մենամարտում հաղթեց ու սպանեց նրան:
III փուլ – Պարսկական բանակի շրջապատված ռազմիկները խնդրեցին խնայել իրենց, սակայն հայերը անողոք գտնվեցին և գրեթե բոլորին էլ ոչնչացրեցին:


Մարտից հետո

Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` 5.400 զինվոր: Թշնամու բանակից փրկվեց միայն 600 հոգի, որոնց, սակայն, գազազած Վախթանգը ինքը հրամայեց գլխատել: