Հայ գրողներ


Պարույր Սևակ

ParuyrSevak.jpg

Պարույր Սևակ
 (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 - Հունիս 17, 1971) — հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։


Մանկություն

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։


1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;


1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։


Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ 39)։
Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։


Սևակի Գրական Ինստիտուտում ավագ գիտական աշխատող լինելու տարիների հիմնական աշխատանքներից է Սայաթ Նովա մենագրությունը (Սևակ 1987), որն էլ պաշտպանում էր որպես թեկնածուական աշխատանք, բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով արժանացավ դոկտորի կոչման։


Գրքեր

  • Անմահները Հրամայում են 1948
  • Անհաշտ Մտերմություն 1953
  • Սիրո Ճանապարհ 1954
  • Անլռելի Զանգակատուն 1959
  • Մարդը ափի մեջ 1964
  • Սայաթ Նովա 1969
  • Եղիցի լույս 1969
  • Ձեր Ծանոթները 1971

Պոեմներ

  • Անլռելի Զանգակատուն
  • Եռաձայն Պատարագ

Հայտնի բանաստեղծություններ

  • Մոր ձերքերը
  • Անքնություն
  • Մարդ էլ կա,մարդ էլ
  • Քիչ ենք, բայց հայ ենք




Եղիշե Չարենց
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:
20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «... Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):
1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:
1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկին երկու սանիտար, երկու սանիտար էլ դնել բժիշկների տրամադրության տակ: «Առաջարկում են պպ. բժիշկներին սանիտարների վերաբերյալ ամենախիստ ընտրություն կատարել և նրանց ցուցակը ներկայացնել ինձ հաստատության համար»: Երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը:
... Համաձայն ընդհանուր կարգի` զինվորները պարտավոր էին «ոտքի լինել» առավոտյան ժամը 5-ին, մեկ ժամ հետո տրվում էր առավոտյան թեյը, 6:30-ից մինչև 9:30-ը «բոլոր վաշտերում ու ջոկատներում» սկսվում էր մարզանքը, 11:30-ին ճաշն էր, որից հետո հավանբար հանգիստ էր տրվում, ստուգումը, որով ավարտվում էր զինվորների աշխատանքային օրը, կատարվում էր երեկոյան ժամը 8-ին:
Սեպտեմբերի 6-ից սկսած «յուրաքանչյուր երեկո բանակի հերթապահի կարգադրությամբ ժամը 8:30-ից ոչ ուշ նվագում է ազդարարը, որով զինվորները և բոլոր պաշտոնյաները հավաքվում են բանակի առաջին գիծը և շարվում բաց կազմով: Անմիջապես վաշտերում և բաժանմունքներում կատարվում է մարդկանց ստուգումը. կարդացվում է հաջորդ օրվա հրամանը, նշանակվում են ներքին ծառայության օրապահները և հերթապահները, կատարվում են առանձին կարգադրություններ հաջորդ օրվա համար և երբ ամեն ինչ վերջանում է, բանակի հերթապահը հրամայում է` «Հանդարտ»: Դրանից հետո երաժիշտները նվագում են Կոչը, երից հետո երգվում է աղոթք, այնուհետև հերթապահի հրամանով մարդիկ ցրվում են վրանները ազգային քայլերգի նվագակցությամբ»:
Օգոստոսի 17-ից «կանոնավոր կերպով սկսվում են Զ և Է գումարտակներում հրացանաձգության վարժություններ: Նախորդ օրը ստացել էին «զինվորական բոլոր պարագաները, այն է` ջրաման, պայուսակ իրեղենների, տոպրակ երկուական հատ, մեկը ուտեստի պաշարի, մյուսը թել-ասեղի համար, փամփուշտակալներ, կացիններ, կերակրամաններ, յուրաքանչյուր տասնյակի համար մի չայնիկ, թեյամաններ, յուղամաններ, ուսադիրներ,— բոլոր պարագաները, ինչ որ հրահանգված է տնտեսական մասի կառավարողին»:
Կամավորներին ռազմական գործին վարժեցնում էին ցարական բանակից հատուկ այդ նպատակով հրավիրված կադրային հայ զինվորներ ու ցածրաստիճան սպաներ: Կամավորականների համար 1915-ին հաստատվում է միասնական զինվորական հանդերձանք` կանաչ ուսադիրներով, որոնց վրա կարդացվում էին АД տառերը (армянские добровольцы) գծիկով, որին հաջորդում է համապատասխան գումարտակի համարը (ասենք` АД-6):
Չարենցը 6-րդ կամավորական գումարտակի 864 զինվորներից 373-րդն էր: Նա հրաժարվում է սանիտարի պարտականություններից և որպես 2-րդ վաշտի շարքային զինվոր մասնակցում մարտական գործողություններին: Գումարտակում մեծ թվով հնչակյանների կային, որի պատճառով այն կոչվում էր «հնչակյան»:
1915թ. սեպտեմբերի 30-ին գումարտակն սկսում է իր մարտական ուղին: Չարենցի հետ նույն վաշտում ծառայած զինվոր Թորգոմ Գևորգյանի վկայությամբ գումարտայը առանց կռիվների հասնում է Վան, այնտեղից` Անգեղ գյուղը, որի դիմաց գտնվող Արտոս լեռան մոտ էլ սկսվում են կատաղի կռիվները թուրքերի հետ: Կամավորական գումարտակն ազատագրում է Նարեկը և Աղթամարը: Այնուհետև, մինչև նոյեմբեր ամիսը ծանր մարտեր են մղում Ոստանի շրջակայքում: Հաջորդ կռիվը տեղի է ունենում 1915թ. դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Ճակատամարտից հետո 2-րդ վաշտը գիշերում է Շեյթանաբադ գյուղում, որտեղ, քրդական դարանակալ հարձակումից ամբողջովին ոչնչանում է: Չարենցը փրկվում է հրաշքով, քանի որ, իր իսկ խոսքերով, հետ էր ընկել վաշտից: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:
1916թ. կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս, այնտեղից` Կարս, հետո` Կարինե Քոթանջյանի հորդորով` Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է Աբգար աղան: «Ուզում էի Մոսկվա գնալ: Հնարավորություն չկար: Աբգար աղան ու մայրս դեմ էին: Վերջը մայրս համոզվեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիվ ելքը գտնվեց. չգիտեմ` մորս աղաչանքներն օգնեցին, թե Աբգար աղայի շահասիրությունը: Համաձայնվեցին, որ գնամ սովորելու և, միաժամանակ, Աբգար աղայի մոսկովյան գործակալ դառնամ` գորգավաճառության գծով: — Տո, ե՜ս... ու առևտրական գործակալ... Ինչ արած, համաձայնվեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տվեց: Էփեջա փող ընկավ ձեռքս»,— այսպես է նկարագրում Չարենցն այս միջադեպը:
1918թ. հունիս-հուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատույցներում մասնակցում է քաղաքացիական կռիվներին: Իսկ մինչ այդ, թուրքական հարձակումից Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը և հաստատվում Մայկոպում:
Պարտվելով համաշխարհային պատերազմում և 1918թ. հոկտեմբերին կնքելով Մուդրոսի զինադադարը թուրքական բանակը սկսում է նահանջել: Դա հույսի և ոգևորության նոր ուժ է հաղորդում աշխարհասփյուռ հայությանը, որոնք սկսում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Այպես 1919թ. վերակենդանանում է նաև Կարսը: Համընդհանուր այս ոգևորությանը անմասն չի մնում նաև Չարենցը, որն իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ գնում է ծննդավայրը` ուսուցչությամբ զբաղվելու:
Չնայած պատերազմի ավերածություններին` 1919թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կարսի շրջանում բացվում է 75 դպրոց, որոնց կեսը հայկական էր: Կային նաև ռուսական, հունական, քրդական, թուրքական դպրոցներ:
Չարենցն ու Աբովը դասավանդում էին Բաշքյադիքլարի դպրոցում: Այստեղ է, որ երիտասարդ ուսուցիչները ստիպված ձեռք են բերում պարսկական անձնագրեր, քանի որ զորակոչային տարիքի մարդկանց (մինչև 25 տարեկան) չէր թույլատրվում ուսուչցությամբ զբաղվել: Բաշքյադիքլարը Կարս—Ալեքսանդրապոլ երկաթգծի փոքրիկ կայարաններից մեկն էր: Այնտեղի դպրոցն ուներ երեք դասարան` 152 աշակերտով: Թուրքական ավերածությունները, սովը, երկրի քայքայված տնտեսությունը ծայրահեղ ծանր դրություն էին ստեղծել Կարսի շրջանում: Գյուղը աղքատ էր, դպրոցի շենքը` կիսավեր, պատուհանները ծածկված էին թիթեղներով, դասարանը միաժամանակ ուսուցիչների ննջարանն էր: Դպրոցի վիճակը ամենալավը նկարագրել են հենց երիտասարդ ուսուցիչները. «Քարեր շարեցինք մեր սենյակների հողե հատակին որպես նստարաններ, իսկ դասասեղաններին փոխարինում էին երեխաների ծնկները, գրատախտակի տեղ պատին փակցրեցին թիթեղյա թերթ, կավիճի փոխարեն գտանք ածուխ, բաժանեցինք մեր շալակով բերած տետրակներն ու մատիտները և անցանք պարապմունքների: Ընդամենը մի այբբենարան ունեինք, որ մի աշակերտի ձեռքից առնում մյուսին էինք տալիս` կարդալու համար, ամեն մի գրքի նայում էին իրար գլխի հավաքված մի խումբ աշակերտները: Նրանց թիվը շատ էր: Հաճախում էին 8-15 տարեկան հասակի բոլոր երեխաները, բոլորն էլ անգրագետ և համարյա բոլորն էլ ցնցոտիապատ և բոկոտն»:
1920թ. սեպտեմբերին, թուրքական արշավանքի հետևանքով փակվում է Բաշքյակիքլարի դպրոցը:
Հարկ ենք համարում նշել, որ հայ գրողներից ու բանասերներից առաջինը Գարեգին Լևոնյանն է (աշուղ Ջիվանու որդին), որ 1916թ. «Դանթեական առասպել» պոեմի հրատարակությունից հետո, «Մշակ» թերթում անդրադարձել է Չարենցին. «Նոր մարդ է Եղիշե Չարենցը, անծանոթ մեր գրական միջավայրում: ...Ով էլ, որ լինի նա, երևում է երիտասարդ է, եղել է կամավոր, ռազմի դաշտ գնացել «որպես հարսանիք», բայց այնտեղ զարհուրելի բան տեսնելուց և կռվի մեջ երեք մտերիմ ընկերներին կորցնելուց հետո ընդհանուր նահանջի ժամանակ վերադարձել է իր քաղաքը: Ահա իր այդ տպավորություններն է, որ սկսնակ գրողը հյուսել է գաղափարական արվեստով և կազմել «Դանթեական առասպել»: ...Եղիշե Չարենցը ընդունակ է իր նյութը հետաքրքրական դարձնելու, սահուն և պատկերավոր ոճ ունի և գաղափարական արվեստին տեղյակ է կանոնավորապես»:
1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի անդամներն էին Լեռ Կամսարը (Արամ Թովմաղյան), Համբարձում Մազմանյանը, Հայկ Աճեմյանը, Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան), Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան), Վեսպերը (Մարտիրոս Դաբաղյան), Արտաշես Աբեղյանը և ուրիշներ: Ընկերության պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը:
Հայ գրական միությունը նշանավոր գրողներին ու գրականության զարգացման հեռանկարներին նվիրված երեկոներ էր կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ Ն. Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: Դեռ 1917թ. Աղբալյանը ծանոթացել էր Չարենցի բանաստեղծություններին ու «Դանթեական առասպել» պոեմին և նկատել երիտասարդ բանաստեղծի տաղանդը:
1919թ. դեկտեմբերին Չարենցը թողնում է Բաշքյադիկլարի դպրոցը, գալիս Երևան և 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում:
Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին: 1921թ. փետրվար-ապրիլ ամիսներին Չարենցը Կարմիր բանակի շարքերում մասնակցում է մարտական գործողություններին:
1921թ. մայիսին Չարենցն ամուսնանում է Արփիկի` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, և հունիսին նորապսակները մեկնում են Մոսկվա` սովորելու Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում:
1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը:
1924թ. նոյեմբերին Չարենցը մեկնում է ճանապարհորդության: Այցելում է Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան: Նա ցանկանում էր լինել նաև Ամերիկայում, սակայն նրան մուտքի թույլտվություն չեն տալիս: Դեկտեմբերին Պոլսում Չարենցը գրում և հրատարակում է իր «Ստամբոլ» պոեմը: Պոլսահայ գաղութի կյանքը ծանր տպավորություն է թողնում Չարենցի վրա: «Թե որքան ողորմելի է այստեղ հայ գաղութի կյանքը` դժվար է պատկերացնել,— մարդիկ պարզապես քարշ են տալիս խղճուկ մի գոյություն... իսկ կառավարությունը, թուրք հասարակությունը, մամուլը և այլն, աշխատում են պահել նրանց արհամարհանքի, իրավական տեռորի, հայհոյանքների այնպիսի մի մթնոլորտում, որից մարդու մազերը կարող են բիզ-բիզ կանգնել»,— գրում է բանաստեղծը:
Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը: Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.
— Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:
1925թ. հուլիսին Չարենցը վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:
1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:
Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը: «Ամեն մի գրքի շուրջը նա երկար զրույց էր ունենուն նկարչի հետ, նրան ոճային ուղղություն էր տալիս, որպեսզի գիրքը զգեստավորեր իր բովանդակության համաձայն»,— հիշում էր Հակոբ Կոջոյանը:
Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:
«Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում...
— Շնորհավորում եմ,— մեկնեց նա իր ձեռքը մեզ:— Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»,— հիշում էր Կարո Մելիք-Օհանջանյանը:
Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:
1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:
Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն...
Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:
Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:




Վահան Տերյան
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (Հունվար 28, 1885 - Հունվար 7, 1920) ― նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ։ Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1916թ երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները: Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ: Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը: 
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում



Խաչատուր Աբովյան


Խաչատուր Աբովյանը (Հոկտեմբեր 15, 1809 - անհետացել է 1848) հայ ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրն է։

Կենսագրո
ւթյունը
Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում, 1809 թվին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ վիպասանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։
Աբովյանը մինչև տասը տարեկան հասակը անց է կացնում գյուղում, որից հետո ծնողները 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Կաթողիկոսին։ էջմիածնում Անտոն Եպիսկոպոսի մոտ վեց տարի սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոցը, Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ դառնում է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ Երեք տարի այդ դպրոցում հայտնի բանաստեղծ Յարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվին, վերադառնում է հայրենիք։ Այդ իսկ թվին նա անցնում է Էջմիածին։
Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։
1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (գտնվում է Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր՝ Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով՝ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին մասնակցելու այդ գիտական արշավախմբին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ մի անձնավորություն։

Մահը

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ /«Օրհնվի էն սհաթը...»/ առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորչի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ։
Ա.Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848թ. Եվրոպական հեղափոխություններին մասնակցելու։
Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։
Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։
Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորչի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։
1927 թ. Վիեննայում տպագրված «Հանդես ամսօրյա»-ում «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ. Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը. իբր Ծերուն անունով մի մարդ, որը աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»։
Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Ս. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը։ Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնառության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1883 թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին։




Հովհաննես Թումանյան
  ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։



Միքայել Նալբանդյան
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Միքայել Ղազարի [2(14). 11.1829, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով ք. Պրոլետարական շրջանը) – 31.3(12.4).1866, Կամիշին (այժմ՝ Վոլգոգրադի մարզում), թաղվել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում], հայ գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական դեմոկրատ, հայ ռեալիստական գեղագիտության և քննադատության հիմնադիր։ 1837–45-ին սովորել է Գ. Պատկանյանի դպրոցում։ Առաջին բանաստեղծությունները (գրաբար և աշխարհաբար) տպագրվել են 1851-ին, Թիֆլիսում, Գ. Պատկանյանի խմբագրությամբ հրատարակվող «Արարատ» շաբաթաթերթում։ 1848–53-ին եղել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական առաջնորդարանի (Քիշնև) քարտուղարը։ Այստեղ հալածվել է կղերականության և տեղական իշխանությունների կողմից, թողել է պաշտոնը և մեկնել Մոսկվա։ Պետերբուրգի համալսարանում քննություններ հանձնելուց հետո 1853-ի հոկտեմբերին Մոսկվայի Լազարյան Ճեմարանում ստացել է հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոն։ Այդ ժամանակ էլ ծանոթացել է Ստեփանոս Նազարյանի հետ։ 1854-ի հունվարին ձերբակալվել է՝ մեղադրվելով «հակաօրինական արարքների» մեջ, բայց շուտով ազատվել է։ 1854–58-ին եղել է ազատ ունկնդիր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Նալբանդյանը անմիջական մասնակցություն է ունեցել Ս. Նազարյանի խմբագրած «Հյուսիսափայլ» (1858–64) ամսագրի ստեղծմանը։ 1859-ի գարնանը մեկնել է արտասահման (Վարշավա, Բեռլին, Փարիզ, Լոնդոն), կապեր հաստատել հայ և արևմտաեվրոպական շրջանների հետ։ Ս. Նազարյանի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունների պատճառով 1859-ի աշնանը հեռացել է «Հյուսիսափայլ»-ի խմբագրությունից։ 1860-ի ամռանը Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, այնուհետև մեկնել է Հնդկաստան (Կալկաթա)՝ ստանալու Նոր Նախիջևանի կրթական կենտրոնների համար մի հայ վաճառականի թողած ժառանգությունը։ Այդ ուղևորությունը (1860-ի օգոստոսից մինչև 1862-ի մայիսը) կարևոր նշանակություն ունեցավ Նալբանդյանի հասարակական-քաղաքական և գրական գործունեության համար։ Ճանապարհին նա եղել է Վրաստանում (Թիֆլիսում հանդիպել է Ղ. Աղայանի, Մ. Միանսարյանի, Պ. Սիմեոնյանի, Հ. էնֆիաճյանի և հայ մշակույթի այլ գործիչների հետ), Հայաստանում և Թուրքիայում։ Կ. Պոլսում «Մեղու» հանդեսի խմբագիր Հ. Սվաճյանի հետ ստեղծել է դեմոկրատական կազմակերպություն՝ «Երիտասարդների ընկերություն» (Հ. Սվաճյան – Ս. Թագվորյան խմբակցություն), գործուն մասնակցություն է ունեցել Ազգային սահմանադրությունը իրականացնելու և արևմտահայության վիճակը բարելավելու համար դեմոկրատների մղած պայքարին։ Այդ հարցին վերաբերող զեկուցագրով դիմել է Կ. Պոլսի ռուսական դեսպանին՝ խնդրելով Ռուսաստանի կառավարության հովանավորությունը արևմտահայերի նկատմամբ։ Շփվել է հասարակական գործիչների ու գրողների (Խ. Օտյան, Մ. Մամուրյան, Հ. Քյաթիպյան, Մ. Պեշիկթաշլյան, Ծերենց և ուրիշներ) հետ։ Իտալիայում հաղորդակցվել է գարիբալդիականների հետ։ Սվաճյանին ուղղված նամակում (11.1.1861) գրել է. «Էտնան և Վեզուվին ծխվում են. Արարատի հին վուլկանի մեջ մի՛թե կրակ կմնա իսպառ... մահաբեր մտածություն» (Երկ. լիակտ. ժող., հ. 4, 1949, էջ 86)։ Լոնդոնում սերտ կապեր է հաստատել Լոնդոնի «պրոպագանդիստների»՝ Ա. Գերցենի և Ն. Օգարյովի հետ, մասնակցել «Զեմյա ի վոլյա» ընկերության ծրագիրը՝ Ն. Օգարյովի «Ի՞նչ է հարկավոր ժողովրդին» (1861) կոչ-հոդվածը կազմելուն։ Մ. Բակունինի հետ միջոցներ է ձեռնարկել «Կոլոկոլ» թերթը և արգելված այլ գրականություն Ռուսաստանի հարավում, Կովկասում և Թուրքիայում տարածելու համար։ Փարիզում Նալբանդյանը հրատարակել է «Երկու տող» (1861) և «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» (1862) ծրագրային աշխատությունները, ծանոթացել է Ի. Տուրգենևի հետ։ 1862-ի մայիսի վերջին վերադարձել է Պետերբուրգ, մասնակցել Ն. Չեռնիշևսկու և Ն. Սեռնո-Սոլովևիչի գլխավորած «Զեմլյա ի վոլյա»–ի ընդհատակյա գործունեությանը։ 1862-ի հուլիսի 6-ին Ն. Սեռնո-Սոլովևիչին հղած նամակում Օգարյովը գրել է. «N–ը (Նալբանդովը) ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է միամտորեն, սրբության հասնելու չափ» (Герцен А., Собр. соч., т. 27, 1963, с. 243)։ Նամակին կցած երկտողում Գերցենն ավելացրել է. «Բարևեցեք նրան, նա ազնվագույն մարդ է. ասացեք նրան, որ մենք հիշում և սիրում ենք իրեն» (նույն տեղում, էջ 243)։
1862-ի հուլիսի 14-ին Նալբանդյանը ձերբակալվել է «լոնդոնյան պրոպագանդիստների» հետ կապեր ունենալու համար («32-ի դատավարությունը») և բանտարկվել Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցի Ալեքսեևյան ռավելինում, որտեղ գտնվում էին նաև Ն. Չեռնիշեսկին, Ն. Սեռնո-Աոլովևիչը, Ն. Վորոնովը և «Զեմլյա ի վոլյա»-ի մյուս անդամները։ 1865-ի նոյեմբերին, թոքախտով ծանր հիվանդ վիճակում, աքսորվել է Կամիշին (Սարատովի նահանգ), որտեղ և մահացել է։
Առաջադիմական էին Նալբանդյանի մանկավարժական հայացքները։ Նա լուսավորությունը համարում էր ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, այն կարծիքին էր, որ այդ գործի հիմնական կենտրոնը պետք է լինի եկեղեցուց անկախ, խորապես ազգային ժողովրդական դպրոցը։ Կրթության և ուսուցման գործում բացառիկ դեր է հատկացրել մայրենի լեզվին։ Շարունակելով Խ. Աբովյանի ավանդույթները, Ս. Նազարյանի հետ միասին ակտիվորեն պայքարել է աշխարհաբարի հաստատման համար, բանավիճել է Մխիթարյանների հետ («Յաղագս հայկական մատենագրութեան ճառ», 1854-55, հրտ. 1895, «Մխիթար Սեբաստացի և Մխիթարյանք», 1858)։ Նալբանդյանը փորձել է գրել աշխարհաբարի քերականությունը, սակայն չի ավարտել։ Կրթության և դաստիարակության գործում կարևոր է համարել ընտանիքի, մասնավորապես՝ կնոջ դերը։ Նա կողմնակից էր կնոջ ազատագրմանը բոլոր ոլորտներում։
Նալբանդյանը հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից է։ Լուսավորական ռեալիզմի ոգով է գրված «Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» (1858) վիպակը, որը տոգորված է մարդու երջանկության, սիրո բնատուր իրավունքի ջերմ պաշտպանությամբ։ Քննադատական ռեալիզմի շունչն է զգացվում Նալբանդյանի «Մեռելահարցուկ» (1859) անավարտ վեպում և «հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրական թերթերից» (1858–60) երկում, որը «Հյուսիսափայլ»-ի յուրատեսակ երգիծական բաժինն է եղել։ Ստեղծել է գիշատիչ բուրժուաներ Հովնաթանյանցի և Բեգզադեի տիպերը, սպանիչ երգիծանքով մերկացրել «գնայուն մեռյալներին», որոնք մարմնավորում են անհատի կործանումը բուրժ. հասարակարգում։ Նալբանդյանը առաջինը հայ գրականության մեջ մտցրեց ֆելիետոնի և պամֆլետի ժանրերը՝ ստեղծելով ծախու լրագրողի և սխոլաստ գիտնականի, քաղքենու և կեղծ հայրենասերի, կղերականի և առևտրականի երգիծական կերպարները։ Նա գեղարվեստական հրապարակախոսության հիմնադիրն է հայ գրականության մեջ։
Մեծ ժողովրդականություն է վայելել Նալբանդյանի քաղաքացիական լիրիկան։ Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններում («Մուսայից մուսային», «Գարնան մուտ») նա ստեղծել է ստրկության ու բռնության կապանքներում տառապող հայրենիքի կերպարը։ Ճիշտ է, այստեղ դեռ չկա «գարնան» համար պայքարի կոչ, բայց բանաստեղծի հոգին լի է զայրույթով ու վրդովմունքով։ Նալբանդյանը առաջինը հայ պոեզիայի մեջ մտցրեց «մտածություն» փիլիսոփայական ժանրը։ «Մտածությունք»-ից մեկում պատկերված է արի ու անվախ մարդը, որն ընդառաջ է գնում փոթորկին ու ամպրոպին։ Ազատության համար պայքարի պաթոսով են տոգորված Նալբանդյանի «Ազատություն» (1859), «Մանկության օրեր» (1860), «Ապոլլոնին» (1861), «Իտալացի աղջկա երգը» (1861), «Ուղերձ...» (1864) և այլ բանաստեղծություններ։ Նա հեղափոխական ոգի մտցրեց հայ պոեզիայի մեջ։ Հանրահայտ «Ազատությունը» գրառվել է Նալբանդյանի լուսանկարի վրա և երգվել որպես հայ հեղափոխական երիտասարդության հիմն։ Հայաստան կատարած այցելության տպավորությունների արդյունքն են «Օշական» (1860), «Սուրբ Մեսրովբի տոնին» (1863, հոտ. 1895) բանաստեղծությունները։ Ն-ին է պատկանում «Արկածք նախահորն» հակակրոնական պոեմը՝ «Աղցմիք» (1864, հրտ. 1903) շարքից։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի («Բանաստեղծ», «Չերքեզի երգը»՝ «Կովկասի գերին» պոեմից), Մ. Լերմոնտովի («Մարգարե», «Պալեստինու ոստ»), Պ. Բերանժեի («Վայր ընկնող աստղեր», «Աղքատ կին»), Հ. Հայնեի («Երազ»), է. Սյուի («Թափառական հրեա»), Օ. Սենկովսկու («Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը», «Անթար») և այլոց ստեղծագործություններից։ Նա մեծ դեր է հատկացրել թարգմանությանը որպես ազգային մշակույթների փոխադարձ հարստացման, ժողովուրդների հոգևոր մերձեցման միջոցի։
Նալբանդյանի գրական և գեղագիտական հայացքները ձևավորվել են համաշխարհային (Արիստոտել, Բուալո, Լեսինգ, Հեգել) և ռուս հեղափոխական-դեմոկրատական (Բելինսկի, Գերցեն, Չեռնիշևսկի, Դոբրոլյուբով) գեղագիտական մտքի ազդեցությամբ։ Դրանք առավել ցայտուն արտահայտվել են նրա «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ»–ում, Է. Սյուի «Թափառական հրեա» (1857) վեպի թարգմանության առածաբանում, «Կրիտիկա. «Հանդես նոր հայախոսության» (1858), «Ազգային թատրոն Պոլսի մեջ» (1861), «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» (1863— 1864, հրտ. 1935) գործերում, «Աշխարհաբարի քերականության» ներածությունում (1863, հրտ. 1900), ինչպես նաև «Հիշատակարան»–ում, «Մեռելահարցուկ»-ում, նամակներում։ Գեղարվեստական ճանաչողության հիմնական օբյեկտը Նալբանդյանը համարել է մարդկային կյանքը։ Մարդուն դիտելով որպես բնության մաս, նա իր տեսությունը կառուցել է փիլ. «մարդաբանական սկզբունքի» վրա, որտեղից և բխում է նրա մատերիալիզմի սահմանափակությունը։ Սակայն, լինելով հեղափոխական-դեմոկրատ, նա մոտեցել է գեղագիտական խնդիրների (մասնավորապես՝ գեղեցիկի խնդրի) մատերիալիստական ըմբռնմանը, հանդես եկել «արվեստը արվեստի համար» տեսության քննադատությամբ, պաշտպանել ռեալիզմի ու ժողովրդայնության սկզբունքները։ Ռեալիստական գրականության զարգացման հարցում նա մեծ տեղ է հատկացրել քննադատությանը «...Մատենագրություն առանց կրիտիկայի, միևնույն է, ինչպես մարմին առանց հոգու...» (Երկ. լիակտ. ժող., հ. 2, 1980, էջ 177)։ Ժողովրդի գաղափարական, գեղագիտական դաստիարակության հարցում Ն. կարևորել է թատրոնը. «Թատրոնի բեմը ստոր չէ ուսումնական ամբիոնից... Թատրոնի բեմն է այն բարոյական ահեղ դատաստանը, ուր արդարությունը և հանցանքը, առանց աչառության ստանում են յուրյանց արժանի հատուցումը» (Ընտ. երկ., 1953, էջ 390)։ Ն. ունի արժեքավոր ասույթներ համաշխարհային գրականության ու արվեստի խոշոր գործիչների ստեղծագործությունների մասին։



Արշակ Չոպանյան
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Չոպանյան Արշակ Հովհաննեսի (15.7.1872, Կ. Պոլիս–8.6.1954, Փարիզ), գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ։ Ծնվել է ակնցի ոսկերչի ընտանիքում։ Սովորել է Կ. Պոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում, աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գրական գործիչների։ Ստեղծագործել է վաղ տարիներից՝ ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակցելով «Բուրաստան մանկանց», «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։ 1895-ին խմբագրել է «Ծաղիկ» կիսամսյա թերթը։ Նույն տարում, խուսափելով թուրք. իշխանությունների հետապնդումներից, տեղափոխվել է Փարիզ, որտեղ հրատարակել է «Անահիտ» (1898–1911, նոր շրջան` 1929–49) գրական-գեղարվեստական հանդեսը, մասնակցել «Վերածնունդ» (1917–19), «Ապագա» (1921–24) թերթերի խմբագրմանը։
Չոպանյանը եղել է ռամկավար կուսակցության անդամ։ Ստեղծագործել է գրական բոլոր սեռերով։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Արշալույսի ձայներ» (1891), «Թրթռումներ» (1892), «Քերթվածներ» (1908) գրքերում, որոնք բնորոշվում են ռոմանտիկական պոեզիայի միակողմանիությունը հաղթահարելու եւ իրականության կենդանի գծերն արտահայտելու ձգտումով։ Լույս են տեսել Չոպանյանի նաև «Թուղթի փառք» (1892) հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» (1923) պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խավեր» (1893), «Հրաշքը» (1923) դրամաները և այլ երկեր։
Հայ գրականության մեջ առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական-բանասիրական գործունեությունը։ Լինելով կուլտուր-պատմական դպրոցի սկզբունքների հետնորդ՝ նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Չոպանյանը հրատարակել է միջնադարյան և նոր շրջանի գրական հուշարձաններ՝ Նահապետ Քուչակին վերագրվող քառյակների և ընդհանրապես միջնադարյան հայրենների ժողովածուները («Նահապետ Քուչակի դիվանը», 1902, «Հայրեններու բուրաստանը», 1940), «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» (1910), «Հայ էջեր» (1912) գրքերը։ Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ծավալուն ուսումնասիրություններ։
Չոպանյանը առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել իբրև գեղարվեստական ստեղծագործություն, կրոնամիստիկական շղարշի տակ տեսել արտահայտված կենսական գծերն ու մարդասիրական էությունը, Նարեկացուն դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։
Չոպանյան-քննադատի նախասիրած ձևը էսսե-դիմանկարի ժանրն է, որի սեղմ շրջանակներում նա տվել է գրողի ընդհանրացված, խոր և դիպուկ բնութագիրը, բացահայտել նրա ստեղծագործական մտածողության, մեթոդի և ոճի էական գծերը։ Այդպիսի հոդվածներ է նվիրել Խ. Աբովյանին, Ղ. Ալիշանին, Հ. Պարոնյանին, Գ. Սունդուկյանին,Րաֆֆուն, Պ. Պռոշյանին, Ա. Շիրվանզադեին, Համաստեղին և ուրիշների (զգալի մասն ամփոփված է «Դեմքեր», հ. 1-2, 1924-29, ժողովածուներ)։
Չոպանյանի գեղագիտական հայացքների հիմքը ռեալիստական արվեստի սկզբունքներն են, որոնց մեջ նա տեսել է կյանքին արձագանքելու և ժողովրդին ծառայելու լավագույն ուղին, թեև բարձր է գնահատել նաև ռոմանտիկական ուղղության պատմական նշանակությունը։ Չոպանյանը արձագանքել է գրական նոր երևույթներին, հաճախ առաջինն է տվել դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնության բնութագիրը։ 1924-ին Ե. Չարենցին անվանել է «Հայ մեծագույն բանաստեղծներեն մին» և «Հայ հանճարի նոր հաստատումը» («Ապագա», 1924, N 16, 17)։
Չոպանյանը հոդվածներ է նվիրել նաև արևմտա-եվրոպական (Վ. Հյուգո, Բալզակ, Է. Զոլա, Հ. Իբսեն, Է. Վերհառն) եւ ռուս (Ա. Պուշկին, Ն. Գոգոլ, Ի. Տուրգենև, Լ. Տոլստոյ) գրողներին։ Ռուս գրականության մեջ բարձր է գնահատել «Վեհանձն գթության ոգին, մարդկային լայն եղբայրության մը բուռն ծարավը, բացարձակ արդարության բաղձանքը, կյանքի ուղղակի դիտողության և պարզ ու հավատարիմ արտահայտության ձգտումը, արվեստը առանց արվեստականության...» («Անահիտ», 1909, N 1-2, էջ 47)։
Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում պրոպագանդելու և հայ ժողովրդի դատը պաշտպանելու ուղղությամբ։ Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ժամանակի եվրոպացի գրողների ու հասարակական գործիչների հետ։ Թարգմանել է և ֆրանսերենով հրատարակել հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների բազմաթիվ երկեր։ Այդ աշխատանքի պսակն է եղել «Վարդենիք Հայաստանի» ֆրանսերեն (հ. 1-3, 1918-1929) ժողովածուն։
1933-ին այցելել է հայրենիք, ողջունել նրանում կատարվող մեծ փոփոխությունները։
Չոպանյանի գրական-հասարակական գործունեությունը բարձր են գնահատել Հ. Թումանյանը, Ա. Շիրվանզադեն, Ա. Իսահակյանը, Ա. Ֆրանսը, է. Վերհառնը, Ռ. Ռոլանը, Վ. Բրյուսովը և ուրիշներ։




Դանիել Վարուժան
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1884 - 1915
Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։
Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։
Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Տարիներ անց, «Հորս բանտին մեջ» ոտանավորում, Վարուժանը հիշում է՝
Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի եւ մահճի։
Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։
Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը։
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։
Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։
1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։
Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։
Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։
1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։
Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։



Սիամանթո
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1878 - 1915
Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) ծնվել է Ակնում, ծառայողի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս։ 1896 թվականի ջարդերի ժամանակ 18 տարեկան պատանին, որ նոր էր սկսել գրական փորձերը, հեռանում է արտասահման։ Ամբողջ 12 տարի նա դեգերում է օտար ափերում, լինում է Հունաստանում, Կահիեում, Շվեյցարիայի զանազան քաղաքներում, ապա Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում նա որպես ազատ ունկնդիր հաճախում է Սորբոնի Համալսարան։
Օտարության մեջ շատ ծանր է եղել երիտասարդ բանաստեղծի կյանքը: Նյութական զրկանքները, հարազատների և հողի կարոտը, երկրից եկած սարսափելի լուրերը խոր կնիք են դնում զգայուն հոգու վրա, որոշելով նրա գրական հետագա ուղին։ Արտասահմանում լույս են տեսնում Սիամանթոյի ժողովածուները` «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգևարքի և հույսի ջահեր» խորագրերով։ Այդ գրքերը նվիրված են բացառապես հայ ժողովրդի ողբերգությանը։
Հարուստ երևակայության և նուրբ զգացումների տեր բանաստեղծը երգում է հայրենիքի զավակների արյունոտ ճակատագիրը, ստեղծում ցնցող տրամադրությունների մթնոլորտ։ Նրա էությունը հասկանալու համար շատ բնորոշ է «Արցունքներս» բանաստեղծությունը։ Բանաստեղծները ծնվում են` երգելու կյանքի գեղեցկությունները, հայրենական հողի և բնության քնքշանքները, ապրելու պայծառ երազներով.
Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թեթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին:
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին դինով,
Աչքերս ոսկիով ու հույսով` և հոգիս աստվածներով լեցուն...
... Կերգեի... Ադամանդյա տովակն ու թռչուններն հայրենագեղ,
Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում,
Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին...
Այս գիշեր երազիս մեջ ձեռքս առի զքեզ, ո'վ քաղցրախո'ս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան՝ ինչպես համբույր մը հին օրերու,
Բայց շունչս հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ.
Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ, շիթ առ շիթ արցունքներս էին, որ ինկան վար...
Մի շարք բանաստեղծություններում Սիամանթոն կրկին խոսում է հայ բանաստեղծի հոգեկան դրամայից, որ ծագում է հայրենիքի ծանր բախտի պատճառով։ «Արյուն է, որ կը տեսնեմ», – գրում է բանաստեղծը։ Սիամանթոն պատկերում է չարչարանքի երազներ, ավերումի գիշերներ, մահվան և կոտորածի ցնցող տեսիլներ, դառնալով հայկական ողբերգության ամենախոշոր երգիչը:
Գիշերեն մեջեն արյուններուն ալիքը կը բարձրանա
Սառերուն հետ շատրվաններ ուրվադծելով,
Եվ ամեն կողմե սոսկումով կը սուրան հալածված՝
Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն...
Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ,
Եվ ամբոխներ անպատմելի սիրածութենե դարձող,
Արևադարձային տաքություն մը կը բարձրանա
Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն:
(«Մահվան տեսիլք»)
Երևակայության ուժով մեծացած այս պատկերը ջարդերի, բռնության, հալածանքի և մորթված սերունդների պատմությունն է:
Հայրենիքի ողբերգության դրամատիկ պատկերն է «Ափ մը մոխիթ, հայրենի տուն» բանաստեղծությունը։ Անտուն, թափառական մարդը հեռվից ողբում է ավերված տունը, կորցրած ծննդավայրը, հայրենական պայծառ հիշատակները։ Տունը դառնում է հայրենիքի խորհրդանշան.

Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո,
Քո ավերակներովդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր,
Ւր դժբախտի երգն և արցունքը լալու...
Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե',
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ,
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու...
Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի՛ տուն,
Ափ մը մոխի~ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե
Քու Հիչաւտակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ
Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...

Այս բանաստեղծությունը արտահայտում է հայ մարդու արտակարգ սերը և ներքին կապը իր հողի հետ։
1908 թ. վերադառնալով Պոլիս, Սիամանթոն գրում է նոր բանաստեղծություններ. լույս են տեսնում «Կարմիր լուրեր բարեկամես» և «Հայրենի հրավեր» ժողովածուները։
Սիամանթոյի ստեղծագործությունը, ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաև լավատեսական բովանդակություն: Նա գրել է հերոսական բանաստեղծություններ, բարձրացրել հերոսներին, հողի պաշտպաններին։ «Ես երգելով կ'ուզեմ մեոնիլ» բանաստեղծության մեջ, օրինակ, Սիամանթոն արծարծում է այն միտքը, որ երգը պետք է արդար կռվի տանի հերոսներին։
Հերոսական բանաստեղծություններից են կազմված «Դյուցազնորենը» և «Հոգեվարքի և հույսի ջահերի» մի մասը։ «Հայրենի հրավերում» արդեն, համեմատաբար խաղաղ տարիներին (1910 թ.) Սիամանթոն արծարծում է խոր մտքեր, հայ մարդիկ պետք է վերադառնան երկիր, ցրված հայությունը կարող է ապրել միայն հարազատ հողի վրա, աշխատանքով ու ստեղծարար ոգով: 1912 թ. գրած «Սուրբ Մեսրոպ» պոեմում Սիամանթոն լավատեսությամբ երազում էր մի ազատ հայրենիք, ուր պետք է ծաղկեք, միտքն ու հոգին, խոր հավատ էր հայտնում հայրենիքի հավերժության մասին։
1913 թվականին Սիամանթոն եղավ Կովկասում, ջերմ ընդունելություն գտնելով հայ գրողների և մտավորականների կողմից: Ոգևորված բանաստեղծն ապրում էր նոր երկունք։ Բայց ճակատագիրը ողբերգականորեն ընդհատեց այդ մեծ կյանքը։
1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին, Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում, թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրը թուրք բաշիբոզուկները Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։
Սիամանթոյի ստեղձագործությունը ազգային երևույթ է, բայց հենց դրա շնորհիվ ունի համամարդկային բովանդակություն։ Նա մեծ տաղանդով երգել է իմպերիալիզմի դարաշրջանում ոչնչացող փոքր ժողովրդի ողբերգությունը, ատելություն տածելով ամեն տեսակ բռնության նկատմամբ։




Րաֆֆի
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՐԱՖՖԻ (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի, 1835, գ. Փայաջուկ, Սալմաստի գավառ, Պարսկաստան – 25.4.1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելա գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–58-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներին։
50–60-ական թթ. Րաֆֆին արդեն ստեղծել էր բավական հարուստ գրական ժառանգություն։ Նա իր ձեռագիր տետրերում ուներ մի քանի տասնյակ բանաստեղծություն, պոեմներ («Դժոխքի կապալառուք», 1874, «Արայն պատերազմի դաշտումը», 1874, «Սառա», 1874), «Սալբի» (հրտ. 1911) վեպը, «Հարեմ» (1874) վիպակը, ուղեգրություններ և այլն: Գերազանցապես պարսկահայ իրականությունն արտացոլող այդ երկերի գաղափարական ելակետը լուսավորությունն է։ Լուսավորական աշխարհայեցության այս սահմաններում էլ Րաֆֆին ի հայտ է բերել գրկականության հասարակական նշանակությունը։ Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար, նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր բևեռներում, որտեղ իրականը տգեղ է ու այլանդակ, իսկ իդեալականը՝ վեհ ու գեղեցիկ։ Այս իրողությունը գեղարվեստ. երկպլան կառուցվածք է տալիս «Հարեմ» և «Սալբի» գործերին՝ մի գծով պատկերելով ֆեոդ. իրականության այլանդակությունը՝ հետամնացության, գռեհկության, մարդկային իրավունքների ոտնահարման, բռնության սարսափներով, մի այլ գծով ասպարեզ տալով գաղափարական հերոսներին, որոնք ձգտում են վերափոխել կյանքը բանականության օրենքներով։
60-ական թթ. վերշերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ական թթ. սկզբին Րաֆֆին հաճախակի է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստ. պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875—1877-ին Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877—79-ին դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ, վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։
70-ական թթ. Րաֆֆուու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին, նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869—70, հրտ. 1882—83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։
Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877—78-ի ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-87) վեպերը։ «Կայծեր»–ը XIX դ. հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստ. հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է XVIII դ. սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։«Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամվել» (1886) վեպի նյութը վերաբերում է IV դ. կեսի սոցիալ–քաղական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետ. անկախությունը։ «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը, հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը։ Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնահատականը։ Ըստ այղ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը։
Րաֆֆու ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» (1883), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երեվակայության, քննադատության մեթոդի, XIX դ. հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։
Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։
Րաֆֆին հանդես է եկել Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։




Ավետիք Իսահակյան
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։



Հովհաննես Հովհաննիսյան
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1864 - 1929
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես Մկրտչի [14(26).4.1864, Վաղարշապատ (այժմ` Էջմիածին) – 29.9.1929, Երևան], հայ բանաստեղծ։ Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում։ 1877-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884-ին՝ համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888-ին։ 1889-ին ճանապարհորդել է Եվրոպայում (Կ. Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։
1912-ին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին (1918) եղել է նրա լուսբաժնի վարիչը։ Ողջունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, նվիրվել երկրի վերաշինության ու լուսավորության գործին։ Եղել է Վաղարշապատի գավառի լուսբաժնի վարիչ։ 1922-ին աշխատել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում։
1883-ին «Աղբյուր»–ում լույս է տեսել Հովհաննիսյանի առաջին բանաստեղծությունը։ 1887-ին հրատարակվեց «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը ճանաչում բերեց հեղինակին։ 1908 և 1912-ին լույս տեսած ժողովածուներն ամրապնդեցին նրա տեղը հայ պոեզիայի պատմության մեջ։ Հովհաննիսյանը ստեղծեց արևելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի ներկայացուցիչները դարձան Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը և ուրիշներ։ Հովհաննիսյանի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ («Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն», 1884)։ Սիրային բանաստեղծությունները («Իզուր է, հոգիս, իզուր, իմ հրեշտակ», 1885, «Կուզեի լինել կարկաչուն վտակ», 1888) աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ։ Նրա պոեզիան դեմոկրատական է, ժողովրդային։ Հովհաննիսյանը ընդգծել է իր սերը ճնշվածների ու հարստահարվածների նկատմամբ, պատկերել ժողովրդի ցավերն ու մտահոգությունները («Երկու ճանապարհ», 1883, «Մնաք բարով, արև, գարուն», 1887, «Աշուղ», 1887)։ Հայ պոեզիայում Հովհաննիսյանը առաջինն է, որ ռեալիստական ճշմարտացիությամբ ներկայացրել է գյուղական կյանքի ներքին հակասությունները («Գյուղի ժամը», 1886, «Հատիկ», 1886)։ Նրա քնարերգության որոշ նմուշներ ձևով ու բովանդակությամբ առնչվում են ժողովրդական պոեզիայի հետ («Արազն եկավ լափին տալով», 1887, «Ալագյազ բարձր սարին», 1901)։ Դրանց մեջ արտահայտված են ժողովրդի պանդուխտ զավակների ապրումները, պատկերված է հայկական բնաշխարհը։ Հովհաննիսյանը մեծ հայրենասեր է։ Այդ սերը սկզբում ռոմանտիկական էր («Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները», 1880)։ Հետագայում նա գրեց «Մայրս» (1896), «Տղմուտ» (1887), «Նոր զարուն» (1897) ռեալիստական գործերը, որոնք արտահայտում էին հայ ժողովրդի կրած տառապանքները։ Հովհաննիսյանի հայրենասիրական ստեղծագործությանը հատուկ են քաղաքացիականությունը, հերոսականությունն ու լավատեսությունը։ Հայրենիքի անձնվեր զինվորը («Սարն ի վեր», 1896), բանաստեղծի համոզմամբ, չպետք է հանձնվի հուսահատության ու լքման տրամադրություններին։ Բանաստեղծը, խորանալով հայոց պատմության և ժողովրդական զրույցների մեջ, ստեղծել է գործեր, որոնցով ոգևորել է ժամանակակիցներին։ «Սյունյաց իշխանը» (1887) պատմահոգեբանական պոեմում Հովհաննիսյանը նորովի է մոտեցել հայոց պատմության որոշ հարցերի, մասնավորապես Վասակ Սյունու դերի լուսաբանմանը։ Նա անհաշտ է եղել չարի հանդեպ, տենչացել է լավն ու բարին («Սրտավազդ», 1887, «Վահագնի ծնունդը», 1904, «Լուսավորչի կանթեղը», 1904)։ Բնագրից թարգմանել է եվրոպական և ռուս գրականության դասականների՝ Հոմերոսի, Գյոթեի, Շիլլերի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի, Հայնեի, Պետեֆիի, Ուլանդի և այլոց երկերը։ Դրանցից մի քանիսը (Վ. Միրակոմլյա, «Անգրագետ», 1886, Ուլանդ, «Երգչի անեծքը», 1888 և այլն) ինքնուրույնի արժեք ունեն։ Հովհաննիսյանը բյուրեղային պարզության հասցրեց հայ նոր պոեզիան, հարստացրեց հայ գրական լեզուն։ 1913-ին
նշվեց բանաստեղծի գրական գործունեության 25-ամյակը, իսկ 1965-ին պետականորեն տոնվեց Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակր։




Սիպիլ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՍԻՊԻԼ (Զաբել Հովհաննեսի Խանջյան), Ջապել Ասատուր, Տոնելյան (21.10.1863, Կ.Պոլիս - 19.7.1934, Կ. Պոլիս), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։ 1879-ին ավարտել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ. Պոլսի վարժարաններում։ Գրական-հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին. 1898-ին Գ. Զոհրապի և Հ. Ասատուրի (ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը` նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Ե. Տեմիրճիպաշյանին, Ռ. Պերպերյանին և այլոց։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ. Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»–ում (1921)։
Գրական շրջանակներին նա հայտնի է դարձել 1880-ական թթ. վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրապարակած չափածո և արձակ գործերով։ 1891-ին տպագրվել է նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, իսկ 1902-ին՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ցոլքեր»–ը։ Սիպիլը երգել է սեր, հայրենիք, ընդհանրապես՝ մարդկային նուրբ զգացմունքներ։ Նա շարունակել է արևմտահայ ռոմանտիկական քնարերգության ավանդույթները, որոնք ներհյուսվել են նոր ժամանակների ռեալիստական մտածողության հետ։ Այս հիման վրա էլ նրա ստեղծագործությունը գրականության պատմության մեջ բնութագրվել է որպես անցման շրջանի երևույթ։ Սիպիլի ստեղծագործությունների համար հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունը, կանացիական նրբությունը, մշակված լեզուն։ Նա գրել է նաև մանկավարժական-մեթոդական հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի» (1879) դասագիրքը, որը Հ. Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և բազմիցս վերահրատարակվել է «Թանգարան հատընտիր հատվածներու» ընթերցարանների հետ։